top of page
Writer's pictureTigran Khachatryan

Լարված հարաբերությունների առկայությունը աշխատողին նախկին աշխատանքում չվերականգնելու պատճառ

Updated: Jun 2, 2020

ՀՀ վճռաբեկ դատարանը 2007թ.-ի դեկտեմբերի 25-ին կայացրել է թիվ 3-1946(ՎԴ) գործով որոշումը, որտեղ կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ կետը՝ գործով ապացուցված համարելով գործատուի և հայցվորի միջև լարված հարաբերությունների փաստը, ինչպես նաև նորմալ աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության փաստը, որպիսի պայմաններում անհնարին է աշխատողի աշխատանքային պարտականությունների իրականացումը:


2010 թվականի հուլիսի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանը ՍԴՈ-902 որոշմամբ սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջին նախադասության «կամ այլ» բառակապակցության մասով։


Սահմանադրական դատարանը նշել է, որ որպես գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության պատճառ դիտարկվում են այնպիսի հանգամանքներ, որոնք որևէ առնչակցություն չունեն տնտեսական, կազմակերպչական և տեխնոլոգիական պատճառների հետ: Մինչդեռ «կամ այլ պատճառներ» հասկացությունը ենթադրում է այնպիսի հանգամանքներ, որոնք իրենց բնույթով պետք է սերտորեն առնչվեն տնտեսական, կազմակերպչական կամ տեխնոլոգիական պատճառներին բնորոշ օբյեկտիվ հիմքերին:


Սահմանադրական դատարանի որոշումից մեկ ամիս անց՝ 2010 թվականի օգոստոսի 7-ին, ուժի մեջ է մտել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասից հանվել է «կամ այլ» բառերը։


Երբ դիտարկում ենք այդ օրենքի ընդունման պատմությունը, տեսնում ենք, որ օրենքի նախագծի զրոյական տարբերակում նախատեսված չի եղել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ 2-րդ մասից հանել «կամ այլ» բառերը։ Օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ 2-րդ մասից «կամ այլ» բառերը հանելու։


24.06.2010 թվականին օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Այս ժամանակ արդեն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ 2-րդ մասից հանվել է «կամ այլ» բառերը։


Այսինքն, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասից «կամ այլ» բառերը հանվել է, քանի որ Ազգային ժողովը տեղեկացված է եղել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը իր վարույթում քննվող գործով անվավեր է ճանաչելու ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջին նախադասության «կամ այլ» բառակապակցության մասով։ Սահմանադրական դատարանը նույնպես, 07.07.2010 թ.-ի որոշման մեջ նշել է, որ տեղեկացված է, որ Ազգային ժողովը 24.06.2010թ.-ին արդեն ընդունել է օրենք, որով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ 2-րդ մասից հանել է «կամ այլ» բառերը։ Դրանով հանդերձ, Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ աշխատանքային օրենագրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջին նախադասության «կամ այլ» բառակապակցության մասով։


Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց՝ 07.08.2010թ.-ին, ուժի մեջ են մտել նաև Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի փոփոխությունները։




24 views0 comments

Comments


bottom of page