Այս հոդվածով ցանկանում եմ շոշափել իրավաբանական անձանց առանձնացման ժամանակ հանդիպող խոչընդոտներից մեկը, որին հանդիպել եմ անձամբ ես։
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Վերակազմակերպվող առևտրային կազմակերպությունները ներկայացնում են մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)։
Այս դրույթը իրականում կիրառելի է միայն բաժնետիրական ընկերությունների նկատմամբ, քանի որ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարում:
Իրավակարգավորման իմաստը կայանում է նրանում, որ վերակազմակերպվող բաժնետիրական ընկերությունները Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից ներկայացնեն արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակ, քանի որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը բաժնետիրական ընկերությունների մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն չունի։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն այդպիսի փաստաթուղթ ներկայացնելու կարիք չունեն, քանի որ հենց իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն է վարում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների ռեեստրը և տրամադրում մասնակիցների մասնակցությունը հավաստող տեղեկանքներ։
Պրակտիկայում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը մասնակիցների մասնակցությունը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը տարածում է նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերակազմակերպման դեպքերի վրա։
Արդյունքում՝ վերակազմակերպման դիմում ներակայացրած անձինք նախ դիմում են ներկայացնում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ ընկերության մասնակիցների վերաբերյալ տեղեկանք ստանալու համար, այնուհետև ստացած տեղեկանքը կցում են վերակազմակերպման փաթեթի փաստաթղթերին և կրկին ներկայացնում են գործակալությանը՝ վերակազմակերպման պետական գրանցում կատարելու համար։
Comments