Հեղինակը ստեղծագործության նկատմամբ ձեռք է բերում անձնական ոչ գույքային իրավունքներ:
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ստեղծագործությունը կարող է լինել գրականության, գիտության կամ արվեստի բնագավառում, իսկ հեղինակը այն ֆիզիկական անձն է, ով ստեղծել է ստեղծագործությունը։
Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները սպառիչ են և նախատեսված են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, որի 2-րդ մասը սահմանում է հետևյալը.
հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները` ա) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինակության իրավունք). բ) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու (հեղինակի անվան իրավունք). գ) ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի և արժանապատվության իրավունք). դ) ստեղծագործությունը ցանկացած ձևով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքը այլ անձի վերապահելու (հրապարակման իրավունք).
ե) ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու (հետկանչի իրավունք), եթե հրապարակվող ստեղծագործությունն այլևս չի համապատասխանում իր համոզմունքներին, և այդ հրապարակումը բացասական ազդեցություն կունենա իր հեղինակության վրա՝ ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ` բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով։
Անհրաժեշտ է նշել, որ «ե» կետի դրույթները չեն տարածվում համակարգչային ծրագրերի, տեսալսողական ստեղծագործությունների, տվյալների բազաների, ինչպես նաև ծառայողական ստեղծագործությունների վրա, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
«դ» և «ե» կետերի բովանդակությունն ինքնին պարզ է, ուստի դրանց չեմ անդրադառնա։
Հեղինակության իրավունք (the right of attribution) և անվան իրավունք ( the right to have a work published anonymously or pseudonymously)։
Ինչ վերաբերում է մնացած կետերին, ապա ոչ գույքային իրավունքներից հեղինակության իրավունքը և անվան իրավունքը սերտորեն կապված են միմյանց: Հեղինակության իրավունքը ենթադրում է սեփական ստեղծագործության հեղինակ ճանաչվելու և այդ փաստի ճանաչումը բոլոր երրորդ անձանց կողմից պահանջելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունը: Հեղինակի անվան իրավունքը հեղինակին հնարավորություն է տալիս ընտրելու այն անունը, որով նա ցանկանում է լույս ընծայել իր ստեղծագործությունը: Այսինքն՝ հեղինակը կարող է հանդես գալ ինչպես իր անվամբ, այնպես էլ անանուն կամ կեղծանվամբ:
Հեղինակի համբավի և արժանապատվության իրավունք (the right of integrity)։
Հեղինակի համբավի և արժանապատվության իրավունքը հեղինակի ստեղծագործական աշխատանքի իրական արդյունքներին համապատասխան հասարակական արժանի գնահատական և համբավ ապահովող անձնական ոչ գույքային իրավունք է: Գրական գեղարվեստական երկերի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի 6բիս հոդվածի համաձայն՝ հեղինակն իրավասու է պահանջել երկի նկատմամբ իր հեղինակության ճանաչումը և արգելել իր երկի ցանկացած խեղաթյուրման, աղճատման, աղավաղման կամ փոփոխման, ինչպես նաև այլ գործողություններ, որոնք վնաս կհասցնեն իր պատվին կամ հեղինակությանը:
Այդ պատճառով օրենսդրությամբ հեղինակին վերապահվում է ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ իր համբավին և արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու իրավունք: Այսինքն՝ այս իրավունքը ենթադրում է, որ հեղինակին է պատկանում իր ստեղծագործության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և առանց իր համաձայնության որևէ մեկի կողմից փոփոխություններ և լրացումներ կատարելուց ստեղծագործությունը պաշտպանելու բացառիկ իրավունքը: Այն ենթադրում է նաև, որ ստեղծագործությունը հրապարակելիս կամ հրատարակելիս արգելվում է առանց հեղինակի համաձայնության որևէ փոփոխություն մտցնել ինչպես բուն ստեղծագործության, այնպես էլ նրա անվան և հեղինակի անվան մեջ: Ավելին, առանց հեղինակի համաձայնության արգելվում է ստեղծագործության ծավալի կրճատումը, դրա առանձին գլուխների փոխարինումը, ստեղծագործության ամբողջականության խախտումը և այլն:
Comments